Ամունդի-Ակբա
տնտեսական համաժողովի օրակարգում էր նաև ժամանակի ամենաարդիական թեմաներից մեկը՝
արհեստական բանականությունը կայուն ներդրումներում․ մարտահրավերներ և հնարավորություններ։ Պանելային քննարկման
փորձագետներն էին Ամունդի ներդրումային ինստիտուտի Ներդրողների
գրագիտության և Ակադեմիական համագործակցության
բաժնի ղեկավար Մարի Բրիերը, Covenant Venture Capital-ի ղեկավար, գիտնական Արմէն Խրլոբեանը,
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի
տնօրեն Գարեգին Գևորգյանը։ Քննարկման
մոդերատորն էր հասարակական
գործիչ, Հայաստանում կրթության արդիականացման գործում մեծ ներդրում ունեցող Արամ Փախչանյանը։
Մարի
Բրիերն արհեստական բանականության մասին խոսեց կայուն ֆինանսավորման տեսանկյունից։ Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը կայուն
ներդրումային որոշումներ կայացնելու գործընթացում։
Ըստ Մարի Բրիերի ներկայումս հասանելի են AI գործիքները, որոնք
կարող են հավաքել և վերլուծել բնապահպանական,
սոցիալական, կառավարչական սկզբունքների հետ կապված ռիսկերի և հնարավորությունների
վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն, քան երբևէ: ԱԲ-ն տվյալներ է հավաքագրում իրական ժամանակում և օգտվում
նաև այլընտրանքային աղբյուրներից՝ ձայնային տեղեկատվություն, տեքստ կամ լուսանկար։ Տվյալների վերլուծությունը
հնարավորություն կտա տեսնելու, թե ինչպես են ընկերությունները կիրառում բնապահպանական,
սոցիալական և կառավարչական սկզբունքները։ Խնդիրն այն է, որ այժմ ընկերություններին
տարբեր վարկանշավորման գործակալություններ են գնահատում, հետևաբար վարկանշավորումը
հիմնված է սուբյեկտիվ ընտրության վրա։ Ընկերությունների մասին ավելի լայն պատկերացում կազմելու
համար անհրաժեշտ են ամբողջական տվյալներ։ Այստեղ մեծ աշխատանք ունի անելու
արհեստական բանականությունը, որը կարող է միավորել ամբողջ տեղեկատվությունն ընկերությունների
վերաբերյալ։ Այս տեղեկություններն օգտագործելով ներդրողները կկարողանան գնահատել ընկերություններին։
Չնայած ընձեռած հնարավորություններին, առկա լայնածավալ տվյալների վերլուծության մեջ
դեռ կան մարտահրավերներ, որոնցից են տվյալների ճշգրտությունը, աշխարհագրական ամբողջական
ծածկույթի և պատմական տվյալների բացակայությունը։ ԱԲ-ն օգտակար գործիք է, բայց այն
պետք է զգուշորեն կիրառել։
Անդրադառնալով համաժողովի ներկաներին ուղղված հարցին, թե որն
է լինելու արհեստական բանականության ամենամեծ մարտահրավերը՝ Արմեն Խրլոբեանը նշեց,
որ կա վտանգ տվյալների անվտանգության հարցում, եթե որևէ մեկը հասանելություն ստանա
որևէ առցանց ծառայության տվյալներին, որոնցից օգտվում են մարդիկ։ Ինչ վերաբերում է
աշխատուժին փոխարինելուն, ապա այստեղ ևս պետք է հարցին նայել այլ տեսանկյունից։ Այն
աշխատանքները, որոնք վտանգավոր են և բավականին բարդ, կարող են անել մեքենաները։
Ի պատասխան
այն հարցին, թե արդյոք Կենտրոնական բանկն արհեստական բանականության զարգացման գործում
նախաձեռնող է, թե արձագանքող, Գարեգին Գևորգյանը նշեց, որ ԿԲ-ի հիմնական գործառույթը
գների կայունության ապահովումն է և բոլոր որոշումները պայմանավորված են այս լիազորություններով։
ԿԲ-ն նախաձեռնողականություն չի ցուցաբերում և պատասխանատու չէ այս ոլորտի համար, սակայն
միևնույն ժամանակ խրախուսում է ֆինանսական կազմակերպություններին փորձարկել նոր տեխնոլոգիաները։
Նա նաև կարևորեց պատրաստ լինել արհեստական բանականության մարտահրավերներին՝ հատկապես
երբ խոսքը վերաբերում է հենց այս տեխնոլոգիաների միջոցով իրականացվող խարդախություններին։
Արամ
Փախչանյանի գնահատմամբ ԱԲ-ի ազդեցությունը շատ մեծ է, այն կա գրեթե բոլոր ոլորտներում։
Ֆինանսական ոլորտում հատկապես հետևանքները հետաքրքիր կլինեն։ Այս ոլորտի վերաբերյալ
2 բևեռ կա՝ մի կողմից կա հստակ կարգավորում, կառավարում և կոնսերվատիզմ, մյուսում՝
գումար վաստակելու ցանկություն և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում։