Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովի վերջին քննարկումը վերաբերում
էր աշխարհաքաղաքականությանը Հարավային Կովկասում և դրա ազդեցությանը Հայաստանի տնտեսության
վրա։ Թեման
ներկայացվեց հարցազրույցի ձևաչափով՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին
Գալստյանի և Աշխարհաքաղաքական գիտությունների դոկտոր, Փարիզի Սիանս-Պո
(Sciences Po) Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դասախոս Ֆրեդերիկ Անսելի մասնակցությամբ։ Հարցազրույցը
վարում էր Ամունդի-Ակբայի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։
Ֆ․ Անսելն տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ իր խոսքում նշեց, որ
որպես հայկական կոլեկտիվի ներկայացուցիչներ պետք է կարողանանք ներկայացնել մեր
ինքնությունը, հասկանանք ինչ նպատակներ ունենք մենք և մեր հակառակորդները։ Պետք է
նրանց ռազմավարությունն ու մարտավարությունը գերազանց ձևով ճանաչել։ Նրա դիտարկմամբ աշխարհաքաղաքականության
համատեքստում առաջին հերթին ուժերի բալանսն է։ Կարևոր դեր է խաղում պետության
սուվերենությունը։
Ինչ վերաբերում է երկրների աշխարհագրական դիրքին, ապա Կովկասի և հատկապես
Հայաստանի դիրքը առանձնահատուկ է և աշխարհաքաղաքական առումով այն մեծ կշիռ ունի՝
չնայած ունի փոքր տարածք և բնակչություն։ Պատերազմը նոր բան չէ։ Այսօր աշխարհում
կան բազմաթիվ ճգնաժամեր ու անորոշությունն օրեցօր մեծանում է։ Դրա հանդեպ առավել զգայուն
է հատկապես տնտեսական ոլորտը, որովհետեւ այս տատանումների ուղիղ կրողն է։
Հաշվի առնելով քաղաքական զարգացումներն աշխարհում, կարևոր ենք
համարում նաև անդրադառնալ այդ խնդրին Հայաստանյան համատեքստում, թե ինչպես է այն ազդում
երկրի տնտեսության վրա։ Օրեցօր ավելանում են անորոշությունները՝ ինչպե՞ս պետք է գործի Կենտրոնական
բանկը, ինչպե՞ս պետք է ապահովի ֆինանսական կայունություն։ Այս հարցադրմանը ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը պատասխանեց, որ
Կենտրոնական բանկերը կանխատեսումներ անող կառույցներ չեն, նրանց կարողությունները սահմանափակ
են և անկախ նրանից գտնվում են զարգացած թե զարգացող երկրներում ունեն կարևոր գործառույթներ,
այն է՝ ֆինանսական կայունության ապահովումը, դրամավարկային քաղաքականությունը, գնաճի
դեմ պայքարը և մակրոտնտեսական կայունությունը։ Վերջին տարիներին կառուցում են սցենարներ,
որոնց միջոցով փորձում են կառավարել ռիսկերը, իսկ հանրությանը տեղեկացնում են, թե ինչ
է մտածում ԿԲ խորհուրդը։
Համաժողովի ընթացքում Մ․ Գալստյանը ընդգծեց,
որ ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում հետաքրքրությունը Հայաստանի
նկատմամբ աճել է, ինչը նպաստել է ավելի բարենպաստ տնտեսական միջավայրի ձևավորմանը։
Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխվածների տնտեսական ազդեցությունը ևս նշանակալից է հատկապես
որոշ ոլորտների պարագայում, սակայն պետք է պատրաստ լինել նաև հնարավոր զարգացումներին,
եթե ռելոկանտները որոշեն հեռանալ երկրից։
Քննարկման
առանցքում էր նաև «խաղաղության համաձայնագիրը», որը ստորագրելու հավանականությունն
Անսելի կարծիքով շատ մեծ է և, որ հայ-թուրքական սահմանի բացումը պայմանավորված է այդ
համաձայնագրով։ Նրա համոզմամբ դա կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը։
Անդրադառնալով
հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ մտավախություններին՝ Մարտին Գալստյանը նշեց,
որ պետք է պատրաստ լինել և մեծացնել կարողությունը Հայաստանում մշակելու և վարելու
խելացի քաղաքականություն։ Նրա գնահատմամբ պետք է պատրաստ լինել տնտեսության վրա ազդեցություն
ունեցող հնարավոր սցենարներին և ունենալ իրավիճակին արձագանքելու գործիքակազմ։ Ամենակարևորը
նոր գաղափարներն են, գիտելիքների հարստացումը, կարողությունները զարգացնելը, ոչ թե
վախենալը։